Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը։
Ինչո՞ւ հիմա, և ի՞նչ կտա այն մեզ։ Արևելագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ մի քանի հանգամանք
կա, որոնք փոխկապակցելով՝ կարելի է վերլուծել այս որոշումը։ Առաջինը Պաղեստինի հակամարտության
հետ կապված զարգացումն է՝ պատերազմը Գազայի հատվածում։ «Իսրայելական ծայրահեղական կառավարությունը
իր քաղաքականությամբ որևէ կերպ չի ցանկանում դադարեցնել պատերազմը՝ չնայած միջազգային
հանրության կոչերին։ Ավելին՝ Իսրայելի վարած վարքագիծը առաջացնում է լրջագույն մարտահրավերներ
Գազայում պատերազմն ընդլայնելու և տարածաշրջանում մեծ պատերազմի հանգեցնելու հետ կապված»,-
նշեց Պետրոսյանն ու ասաց, որ աշխարհը լրջագույն ջանքեր է կիրառում այս պատերազմը կանգնեցնելու
համար։
Այս համատեքստում տարածաշրջանային,
ինչպես նաև գլոբալ հումանիտար և անվտանգային մարտահրավերները հաշվի առնելով՝ Հայաստանի
Հանրապետությունը, որպես միջազգային հանրության ներկայացուցիչ և որպես տարածաշրջանի
անվտանգությամբ մտահոգված դերակատար, իր քայլն է կատարում՝ ցույց տալու համար այն մտահոգությունը,
որն առկա է Իսրայելի վարած քաղաքականության առնչությամբ։
Հաջորդ պատճառը, ըստ Պետրոսյանի,
ինքնորոշման իրավունքին աջակցությունն է և ռազմական ճանապարհով հարցերի լուծման անընդունելիությունը։
Ինչու հենց հիմա Հայաստանը որոշեց
գնալ այս քայլին՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այս կոնֆլիկտը երկար պատմություն ունի.
նաև ինքնորոշման իրավունքին նոր չէ, որ Հայաստանը աջակցում է։ Արևելագետի կարծիքով՝
առաջին պատճառը Իսրայելի վարած քաղաքականությունն ու դրա հետևանքով ստեղծված անվտանգային
ու մարդասիրական խնդիրներն են, նաև՝ միջազգային հանրության հակվածությունը խնդրի արագ
լուծմանը. «Մենք տեսնում ենք, որ անգամ այնպիսի դերակատարներ, որոնք ավանդաբար սկզբունքային
և վճռական դերակատարություն են ունեցել Իսրայելի անվտանգության ապահովման հարցում,
նաև դեմ են հանդես եկել Պաղեստին պետության ճանաչմանը, իրե՛նք են փոխել իրենց դիրքորոշումը»։
Մանրամասն՝ տեսնայութում
Վովա Հակոբյան